Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով համաժողովին։ Նա ճեպազրույցում ասել է, որ Մոսկվան Հայաստանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին դիտարկում է որպես Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ։
«Որոշ ժամանակ առաջ Կիև էր այցելել ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Դուբլինում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, Նիկոլ Փաշինյանն անձամբ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Գրանադայում։ Երևանում պետք է իմանան, որ խոսքը ցուցադրական երկխոսության մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ կերպով ընդդիմանում են մեր երկրին, դրան այլ անուն չկա»,- հավելել է ԱԳՆ պաշտոնյան։
Նրա խոսքով, ինչպես որոշ ժամանակ առաջ խոստովանել է հենց Հայաստանի ղեկավարությունը, ցավալի է, որ միտումնավոր խզվում են Ռուսաստանի հետ դաշինքային հարաբերությունները, որոնք համարվում են Հայաստանի կայունության և բարեկեցության ապահովման կարևորագույն գործոն։
Նշենք, որ Հայաստանը համաժողովին ներկայացնում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։