Հետևեք մեզ։

2024 թ. նախատեսվում է Երեւան քաղաքի եկամուտների ավելացում. Ավինյան

19:37, 02 նոյեմբեր 2023
2024 թ. նախատեսվում է Երեւան քաղաքի եկամուտների ավելացում. Ավինյան

2024 թվականին նախատեսվում է Երեւան քաղաքի եկամուտների ավելացում. այս տարի հավաքագրված 38 մլրդ 799 մլն դրամի փոխարեն կանխատեսվում է հավաքագրել 45 մլրդ 259 մլն դրամ: Երեւան քաղաքին հատկացվող դոտացիան նվազում է մոտ 5 մլրդ դրամով` 13,430 մլնից դառնալով 8 մլրդ 436 մլն դրամ: Էականորեն նվազեցվում են նաեւ այն սուբվենցիաները, որոնք նախկինում տրամադրվել են Երեւան քաղաքին. ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 2-ի համատեղ նիստում Երեւանի քաղաքապետարանի` 2024 թվականի բյուջետային հատկացումը ներկայացնելիս:

«Երեւան քաղաքն այս տարի իրականացնում է մոտավորապես 10 մլրդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր, որոնք առաջարկվում է չներառել բյուջեի նախագծում»,- ընդգծել է զեկուցողը:

Նշվել է, որ այս տարի հիմնանորոգվում է եւ նախատեսվում է շահագործման հանձնել 24 մանկապարտեզ. հաջորդ տարի պլանավորվում է 33, 2025 թվականին` 35 մանկապարտեզ: Տիգրան Ավինյանը խոսել է նաեւ տրանսպորտային ցանցի արդիականացման գործընթացի մասին:

Երեւանի քաղաքապետի խոսքով` ներկայացված բյուջեի նախագծով ավելի մեծ ծրագրեր ու լայն հնարավորություններ են ստեղծվելու հեռավոր համայնքների համար:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` քաղաքապետն անդրադարձել է վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների ավելացմանը, նորակառույց բազմաբնակարան թաղամասերում որոշ ենթակառուցվածքների, մասնավորապես, մանկապարտեզների եւ դպրոցների բացակայությանը, ապօրինի եւ կիսակառույց շենք-շինությունների քանդմանը:

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ «Երեւաննախագծին» գումար է հատկացվել` իրականացնելու նոր գլխավոր հատակագծի նախագծում? Նշվել է, որ սրան զուգահեռ Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել է հարեւան համայնքների հետ սահմանների ճշտման գործընթաց:

Մարզերի ներկայացուցիչները եւս պատասխանել են պատգամավորների հարցերին: