Հետևեք մեզ։

«Սովոր էիք, որ «պիպետկով կաթացնեն» զենք», «Ինչ մանիա է, հարց են տալիս, գնում եք «պիպետկայի կողմ»»․ Արարատ Միրզոյանը և Քրիստինե Վարդանյանը վիճաբանեցին

11:59, 03 նոյեմբեր 2023
«Սովոր էիք, որ «պիպետկով կաթացնեն» զենք», «Ինչ մանիա է, հարց են տալիս, գնում եք «պիպետկայի կողմ»»․ Արարատ Միրզոյանը և Քրիստինե Վարդանյանը վիճաբանեցին

Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ  ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր ամենապայծառ երազում էդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ և խնդրել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին առ այն, թե նոյեմբերի 3-ի դրությամբ ինչ պայմանավորվածություններ կան ձեռք բերված ՀՀ անվտանգության ապահովման վերաբերյալ՝ այն հայտարարությունների ֆոնին, որ զենքի գնման համար գումարը տրամադրվել է, բայց զենքը չի ստացվել։

 

«Հեգնանքով նշում եք, որ չենք կարողանում զենք բերել։ Սովոր էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է ու «չկաթացնեն» այնքան զենք, երբ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվեն այլ սցենարներ։ Բարեբախտաբար այլ իրավիճակում ենք», - նշեց Միրզոյանը:

 

Նա վստահեցրեց, թե իրենց իշխանությունը շատ ավելին կարող է անել ու շատ ավելին բերել:

 

«Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք  որևէ հարձակողական նպատակ չունենք, յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ ու մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ  խնդիրներ», - ընդգծեց ԱԳ նախարարը և հավելեց՝ լոգիստիկ խնդիրներ կան։

 

«Խաղաղապահների մեխանիզմը չաշխատեց Լեռնային Ղարաբաղում, ՀՀ-ի վրա եղան հարձակումներ, բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր կողմից փայփայվում և քարոզվում են, չաշխատեցին»,- ասաց Միրզոյանը։

 

Միրզոյանը նշեց, որ դիտորդական առաքելության տեղակայման հատվածներում, բարեբախտաբար, խոշոր միջադեպեր տեղի չեն ունենում։

 

Միրզոյանին պատասխանեց հարցը բարձրացրած Քրիստինե Վարդանյանը․ «Եկեք արձանագրենք․ որ ՀՀ-ի շուրջ 200 կմ տարածքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և դա փաստում է, որ Ադրբեջանի ախորժակը Արցախով  միայն գրգռվել է։ Միակ բանը, որ ասեցիք, 200 ԵՄ դիտորդներն են՝ զինված հեռադիտակներով, էդպես եք պատրաստվում պաշտպանել անվտանգությունը։ Երկրորդը՝ այս ինչ մանիա է, դուք ամեն անգամ կարող եք գալ և կրկնել նախկինները, իշխանություն եք, եկեք գնանք ոստիկանություն և հաղորդում ներկայացրեք։ Այդ մերկապարանոց հայտարարությունները դադարեցրեք։ Այս ինչ մանիա է, հարց են տալիս, գնում եք կամ «պիպետկայի կողմ», կամ «շպիոնության»։ Ինչ որ խնդիր կա՞ էդտեղ»։

 

Միրզոյանը պատասխանեց Վարդանյանին․ «Լաչառության մեջ մտնելու պատրաստ չեմ։ Էն ձեր վերջին ակնարկը էժան էր, ցածր էր»։

 

Քննարկմանը ներկա ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը շարունակեց Միրզոյանի խոսքը՝ դիմելով Քրիստինե Վարդանյանին․ «Պապանձվեք»։