«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներով Ալավերդիում էինք՝ ծանոթանալու այստեղ կատարվող աշխատանքներին։ Այս մասին գրել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Հպարտ եմ, որ այստեղ մեր թիմը՝ համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանի գլխավորությամբ, ընտրվելուց ընդամենը մեկ տարվա ընթացքում էապես փոխել է համայնքի մթնոլորտը՝ հավատարիմ մնալով ալավերդցիներին տված իր խոստումներին։
Այս կարճ ժամանակահատվածում արդեն շատ բան է արված։ Եվ այսպես, ալավերդցիների կողմից ամենասիրված վայրերից մեկը՝ «Մետալուրգ» մարզադաշտը վերագործարկվելու ճանապարհին է․ այլևս անցյալում է այս Հայաստանի ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկի՝ արոտավայրի վերածված կարգավիճակը։
Մարզադաշտի խոտածածկը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Շուտով՝ մարզադաշտի վերակահավորումից ու վերանորոգումից հետո հնարավորություն կլինի այստեղ կազմակերպել այդքան սպասված ֆուտբոլային հանդիպումները։ Համայնքում ամեն քայլափոխի աշխատանք է արվում. վերանորոգվում են մշակույթի ու կրթական օջախներ, բարեկարգվում են փողոցներ։
Սա է մեր թիմի աշխատանքի ոճը. մեզ տրված վստահությունը նվիրման ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ բերելու է իրական փոփոխություններ մեր համայնքներում»։