Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ: Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա: Այդ մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սա են, թերևս, «դաշնակցային ճիշտ» պատկերացումները:
Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա «դաշնակցից», Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինին հայի գլխին, որ լինի «դաշնակիցը»:
Հ.Գ. Իսկ հետաքրքիր է, օրինակ՝ Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և ՀՀ-ի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ ի՞նչ է»,- գրել է նա՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն առ այն, որ Ուկրաինայի հարցով, ինչպես նաև մի շարք այլ համաժողովներին ՀՀ մասնակցությունը հակառուսական քայլ է։