Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջոցով երկու ուղղությամբ ծրագրեր ենք իրականացնում. ոռոգման համակարգի առողջացում եւ ճանապարհային ցանցի բարելավում: Հյուսիս-հարավ մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը վերջերս է կնքվել: Ընդհանուր առմամբ, ծրագրերը, որոնք իրականացվում են, 17 մլրդ 356 մլն դրամ են կազմում: Դրանք ներառում են ե'ւ վարկ, ե'ւ դրամաշնորհային մաս. վարկային մասը կազմում է 13 մլրդ 419 մլն դրամ, իսկ համաֆինանսավորումը` 3 մլրդ 937 մլն դրամ: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 148 մլն դրամ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով Եվրասիական զարգացման հիմնադրամի հետ իրականացվելիք` 2024 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերը: Քննարկումը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 3-ի համատեղ նիստում:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ ընթացիկ տարում ԱԳ նախարարությունը շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող բազմամակարդակ նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի նախագծերի մշակման, լրամշակման, համաձայնեցման աշխատանքներին: 2023 թվականին ԵԱՏՄ շրջանակում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 1, Եվրասիական միջկառավարական խորհրդի` 3 հերթական եւ 1 արտահերթ նիստ, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 10 նիստ` ՀՀ փոխվարչապետի մասնակցությամբ: Մշակվել եւ ընդունվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր:
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է հանձնաժողովում ԱԳ ներկայացուցչի մասնակցությունն ու ծավալված քննարկումը:
Պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրացրել է ԵԱՏՄ երկրների շրջանակում վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը` շեշտելով, որ վերջերս ՌԴ Պետական դումայում հետաձգվել է հայկական վարորդական վկայականների ճանաչման խնդիրը: Նա հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի շուտափույթ լուծման համար: «Մենք դեռեւս այս հարցով քննարկում չենք ունեցել: Փորձենք առաջիկա շփումների ընթացքում այս հարցը բարձրացնել եւ արձագանքել»,- պատասխանել է Մնացական Սաֆարյանը: «Այս խնդիրը գոյություն ունի մոտավորապես 10 տարի»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը` հավելելով. «Պետք է հասկանալ` վարորդական իրավունքների հետ կապված ո՞րն է դրդապատճառը եւ տեղեկացնել շահագրգիռ կողմերին»:
Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է ԵԱՏՄ երկրներում ՀՀ դեսպանների գործունեությամբ, գործող դեսպանատների գույքային պայմանների հարցով` շեշտելով, որ, օրինակ, Ուզբեկստանում չկա դեսպանատուն: «Այս հարցը մեր օրակարգում է: Պետք է նշեմ, որ տարբեր երկրների հետ դեսպանատների բացման հարցն ունի փոխադարձության սկզբունքին հետեւելու գործոն: Գործընկեր երկրի կողմից պետք է լինի որոշակի պատրաստակամություն: Տարբեր երկրներ դեսպանատան բացման առաջնայնությունը պայմանավորում են տարբեր գործոններով»,- պատասխանել է ԱԳ փոխնախարարը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, նշելով, որ Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը, հետաքրքրվել է` ԵԱՏՄ շրջանակում արդյո՞ք ներկայացվել է կենտրոնական մարմնին «Խաղաղության խաչմերուկի» կոնցեպտը եւ նախատեսվո՞ւմ են քննարկումներ: «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը բոլոր խողովակներով ներկայացվել է բոլոր գործընկեր երկրներին եւ կազմակերպություններին: Հանձնարարականը հստակ կա, եւ բոլոր առաքելությունները սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ: Կոնկրետ ԵԱՏՄ-ի առնչությամբ` երկրներին ներկայացնելու աշխատանքները սկսվել են»,- նշել է ԱԳ նախարարի տեղակալը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից մի շարք ոլորտներում կատարվել են դրական փոփոխություններ: ԵԱՏՄ երկրներից եկող զբոսաշրջիկների քանակն առաջանցիկ աճ ունի: ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցների` տրանսֆերների ներհոսի ծավալը եւս աճել է: 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55,8 տոկոսով: Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ Իրան-Հայաստան գազատարին, ատոմակայանի գործունեությանը, ժամանակակից մոդուլային ատոմակայանների կառուցման հնարավորություններին, էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: