Անձամբ ես զինվորական թոշակառու եմ, ավարտել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը գերազանցությամբ, մեր բոլոր հրամանները ՀՀ ՊՆ հրամաններն են եղել, անձամբ մի քանի անգամ մասնակցել եմ միջազգային մրցումների։ Ստացվում է այնպես, որ մենք այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ մի մասնիկ, ԶՈՒ զինծառայող, հիմա մենք պետք չենք, մեր ավելի քան 20 տարվա կենսագրությունը ջնջրում են։
Այս մասին այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ ասաց ակցիայի մասնակից արցախցիներից մեկը։
Նրա խոսքով՝ իրենք բունտ չեն անում, պարզապես ուզում են, որ իրենց զինվորական թոշակները վճարեն։
«Հարց է առաջանում, էսքան սպաներ են, ամենքիս ենթակայության տակ հարյուրավոր զինվորներ են ծառայել ՀՀ-ից զորակոչված, եթե ՀՀ-ն մեզ չի համարում ՀՀ զինծառայող, ապա էդ զինվորների ծառայությունը համարվո՞ւմ է պարտադիր զինվորական ծառայություն անցած, եթե ոչ, ապա նորից պետք է զորակոչվեն։ Մենք զինվորների դեմ չենք, նրանք մեր սիրտն են։ Հիմա, եթե զինվորականը երկարամյա ծառայության համար թոշակ չի ստանում, ուրեմն դա պատիժ է եղել, ոչ թե ծառայություն»,-ասաց զինվորականը։