Հետևեք մեզ։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի աշխատասենյակում կռիվ է եղել. իրավիճակին խառնվել է Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ»

08:44, 07 նոյեմբեր 2023
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի աշխատասենյակում կռիվ է եղել. իրավիճակին խառնվել է Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։

Վերջինս, սակայն, հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ազատման դիմում չի գրել:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա՝ աշխատանքից ազատման շուրջ լուրջ խմորումներ են գնացել քաղաքապետարանում:

 

Բանն այն է, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետերի նշանակումից հետո բաժանումներ է արել, թե նրանցից ով որ ոլորտը պետք է համակարգի: Ըստ այդմ, փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Եւ, ահա, Լեւոն Հովհաննիսյանն իր մոտ է կանչել Խորեն Գրիգորյանին ու ասել, որ այսուհետ պետք է հաշվետու լինի իրեն, պահանջել է նաեւ այսուհետ իրեն ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

Մշտապես ինքնագործունեությամբ զբաղվող Խորեն Գրիգորյանին դուր չի եկել, որ իրեն պետք է այսուհետ վերահսկի Հովհաննիսյանը, եւ նա «սպառնացել է», թե ազատման դիմում կգրի: Այդ խոսակցության ընթացքում Հովհաննիսյանի աշխատասենյակում թեժ կռիվ է սկսվել:

 

Ավելի ուշ Տիգրան Ավինյանն իր մոտ է կանչել Լեւոն Հովհաննիսյանին եւ Խորեն Գրիգորյանին ու ասել է՝ պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները ու նորմալ աշխատեն միասին:

 

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այդ օրը՝ մինչեւ ուշ ժամ, քաղաքապետարանում լարված իրավիճակ է եղել:

 

Երկար խոսակցություններից հետո Խորեն Գրիգորյանը հետ է կանգնել իր «սկզբունքային» որոշումից:

 

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թեեւ իրավիճակը ժամանակավորապես հարթվել է, բայց Հովհաննիսյան-Գրիգորյան հարաբերությունները մի օր պայթելու են»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։