Հետևեք մեզ։

Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Մուրմանսկի նահանգապետին

15:43, 24 մարտ 2023
Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Մուրմանսկի նահանգապետին
 
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու ժողովուրդների եղբայրական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, և նմանօրինակ այցելությունները նպաստում են երկու երկրների բարեկամական կապերի և գործակցության առավել զորացմանը։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ բարեկամ ժողովուրդները դարերի ընթացքում կողք կողքի, միասնաբար կարողացել են դիմակայել և հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և արդյունավետ փոխգործակցությանը՝ երախտագիտությամբ արձանագրելով այն ջանքերը, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի կողմից վերջին տարիներին ներդրվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և հայկական հոգևոր ժառանգության անխաթար պահպանման ուղղությամբ։

Իր հերթին Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսը, կարևորելով հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացումն ու զարգացումը, իր շնորհակալությունը հայտնեց Նորին Սրբությանը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման գործում Հայոց Եկեղեցու կարևոր ներդրումի համար։ Նահանգապետը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նաև Մուրմանսկի մարզը և վերջինիս ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ կարևորելով տեղի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին և առկա մտահոգություններին։