ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն էր, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Որոշվեց ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում (Խանջյան 27):
ՀՖՖ Նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 24-րդ հերթական ժողովն ընտրական է։
Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ՀՖՖ ժողովի յուրաքանչյուր Անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու ՀՖՖ Նախագահի տեղի համար։
ՀՖՖ Նախագահի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հետևյալ պահանջներին․
ա) մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ՀՀ-ում ֆուտբոլի բնագավառում (Պաշտոնատար անձ (դիմելու պահին պաշտոնը չզբաղեցնող), նախկին ֆուտբոլիստ (դիմելու պահին կարիերան ավարտած), կամ սպորտում այլ կերպ ներգրավված անձ (մարզական լրագրող, մեկնաբան, իրավաբան և այլն),
բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվել պետության տարածքում,
գ) լինել առնվազն 25 տարեկան և ունենալ ՀՀ-ում ընտրական իրավունք,
դ) տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել,
ե) չգտնվել սնանկության գործընթացում:
ՀՖՖ Նախագահի թեկնածու առաջադրելու համար Անդամները պետք է ՀՖՖ ներկայացնեն հետևյալ տեղեկությունները/փաստաթղթերը.
1. Կենսագրություն՝ ֆուտբոլի բնագավառում գործունեության մանրամասն նկարագրությամբ (մասնավորապես՝ վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում),
2. Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճեն (նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի տրամադրման դեպքում նաև տեղեկություններ բնակության հասցեի վերաբերյալ),
3. ՀՖՖ Անդամի համապատասխան իրավասու մարմնի կողմից հավաստագիր, որ ՀՖՖ Նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն համապատասխանում է Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջներին` համաձայն սույն Ծանուցմանը կից ներկայացված ձևի (Հավելված 3),
4. ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված դատվածության
տեղեկանք,
5. ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված սնանկության գործընթացում չգտնվելու վերաբերյալ տեղեկանք:
ՀՖՖ Նախագահի թեկնածու առաջադրելու համար Անդամները նշված փաստաթղթերը/տեղեկությունները ՀՖՖ պետք է ներկայացնեն մինչև 2023թ.-ի նոյեմբերի 23-ը՝ ժամը 24:00-ն, [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով։
ՀՖՖ Կանոնադրության 86-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Նախագահի 2023թ. ընտրություններին 4 տարվա պաշտոնավարման ժամկետը կկրճատվի մինչև 3 տարի, որպեսզի մինչև 2026 թ․-ը Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետները հավասարեցվեն:
Թեկնածուների՝ ՀՖՖ Ընտրական կոմիտեի կողմից հաստատված վերջնական և պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ Անդամներին ՀՖՖ Նախագահի ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ։