Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին: Հրաժարականի պատճառը լիթիումի և ջրածնի արդյունահանման նախագծերի կառավարման ընթացքում ենթադրաբար թույլ տրված սխալներն են, որոնք այժմ հետաքննվում են իրավապահների կողմից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով SIC հեռուստաընկերությանը։
Այս որոշման մասին Կոստան հայտարարել է հանրապետության նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզայի հետ հանդիպումից հետո հեռուստաուղերձում։ Քաղաքական գործիչն ասաց, որ հետաքննությունն իրեն անակնկալի է բերել, սակայն նրա խիղճը հանգիստ է, և ինքը մտադիր է համագործակցել հետաքննության հետ։
Ավելի վաղ EFE լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Պորտուգալիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում վարչապետի պաշտոնական նստավայրում։
Ըստ հաղորդագրության՝ այդ գործողությունները կապված են հանրապետության հյուսիսում լիթիումի արդյունահանման նախագծերի իրականացման հարցում կառավարության կողմից ընկերություններին տրված ենթադրական արտոնությունների և հնարավոր զիջումների հետ: