Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ Կիրբալի գյուղի մերձակայքում օկուպացված տարածքում տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը։
«2023 թվականի նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի շրջակայքում՝ օկուպացված տարածքում, ռուս օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է մահացել, իսկ մեկ քաղաքացին ապօրինի ձերբակալվել է։
Ակտիվ հաղորդակցությունը շարունակվում է՝ օգտագործելով բոլոր գործիքները, որոնք հասանելի են Վրաստանի կենտրոնական կառավարությանը»,- հայտնել են Պետական անվտանգության ծառայությունում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները հետաքննություն են սկսել Քրեական օրենսգրքի 109-րդ և 143-րդ հոդվածներով՝ Կիրբալի գյուղի մոտ ռուսաստանյան օկուպացիոն ուժերի ներկայացուցչի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության և մեկ անձի առևանգման վերաբերյալ։