Հովսեփ Կուբաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավինյանը իրեն է վերցրել միայն շինթույլտվությունները։
Բանից պարզվում է, որ Երևանի ստվերային առաջին փոխքաղաքապետ է նշանակվել աշխատակազմի քարտուղար ոմն Շավարշ Գրիգորյանը։ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, ինչպես նաև համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ֆինանսական, գնումների, եկամուտների հաշվառման և գանձման, կազմակերպական, մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունների, քարտուղարության, մատակարարման և տեխնիկական սպասարկման ծառայության և առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի աշխատանքները:
Օրինակի համար, առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի, զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության, անշարժ գույքի կառավարման վարչությունների աշխատանքները:
Ըստ էության, Փամբուխչյանին մի հատ վարչության պետի աշխատանք են տվել, իսկ աշխատակազմի քարտուղարը առաջին փոխքաղաքապետի գործառույթ է իրականացնելու։ Եթե հաշվի առնենք, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից վերցրել են իրավաբանական վարչությունը և ևս տվել աշխատակազմի քարտուղարին, ստացվում է, որ Շավարշ Գրիգորյանը հենց ստվերային առաջին փոխքաղաքապետ է։
Ի դեպ, նա արդեն մի տարուց ավելի է, ինչ աշխատում է, բայց քաղաքապետարանի կայքում նույնիսկ նրա նկարը չկա։
Եթե նայենք նաև մյուս փոխքաղաքապետերի համակարգման ոլորտները, տակը մնում է շինթույլտվություններ տրամադրող և շինարարության ընթացքին հետևող ստորաբաժանումները, որոնցով կզբաղվի Ավինյանը։ Հետևություններ անելու համար դեռ վաղ է, բայց շինթույլտվություն և կոռուպցիոն ռիսկ բառերը արդեն վաղուց հոմանիշներ են»։