Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը այցելել է Սյունիքի մարզ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը։
«Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Սվենսոնը այցելել է Մեղրի։ Տեղում դեսպանը հանդիպել է Վինեթ Մեղրի Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը:
Հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում դեսպանին հյուրընկալել է անցակետի ղեկավար անձնակազմը, ներկայացրել անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնությունները։
«Այցի ավարտին դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։