Այսօր՝ նոյեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18:40-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի 10-րդ փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավելի պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ և հանցագործության բացահայտման համար կարևոր իրեր: Հայտնաբերվել է նաև BMW մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին վնասված է :Տեղում պարզվել է, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել և կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մի կաթիլ մեղրի պատմությունն ա պատճառը եղել: Իրար տվել են, ապա վնասել ավտոմեքենաներ, իսկ «Յաշիկ»-ի միջից մեկը ավտոմատով կրակոցներ արձակեց, մի հոգու տարան հիվանդանոց: Ճիշտն ասած՝ չգիտենք ծեծվելու հետևանքով ա վիրավորվել, թե կրակոցի»:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։