Հետևեք մեզ։

Հեղուկ գազի գինը բարձրացել է, որակն՝ ընկել. «Ժողովուրդ»

09:59, 10 նոյեմբեր 2023
Հեղուկ գազի գինը բարձրացել է, որակն՝ ընկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բենզինի աճող գնին զուգահեռ՝ հեղուկ գազի գներն էլ են բարձրանում: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգում բազմաթիվ վարորդներ այն մտահոգությամբ, որ ոչ միայն հեղուկ գազի գինն է բարձրացել, այլ նաեւ որակն է ընկել, նախկինը չէ:

 

Պարզվում է, որ հեղուկ գազի կալորիականությունը 25%-ով նվազել է: Եթե նախկինում հնարավոր էր 5000 դրամի լցնել 25 լիտր հեղուկ գազ եւ երեւանյան փողոցներով վարել մոտ 200 կմ 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում, այսօր արդեն նույն 25 լիտրով նույն 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում նույն երեւանյան փողոցներով հնարավոր է լինում վարել 145-150 կմ, այդ էլ՝ այն դեպքում, որ հետազոտություն անցած մեքենաները չունեն որեւէ խնդիր, ըստ այդմ՝ վառելիքի կորուստ:

 

Այն, որ ստացվում է՝ հեղուկ գազի մեկ լիտրի արժեքը այսօր 200 դրամ է՝ նախկին 140-ի համեմատությամբ, դա հարցի ողբերգականության միայն մի հատվածն է. գների բարձրացմանը զուգահեռ՝ նվազում է նաեւ կալորիականությունը՝ վնասելով միջին վիճակագրական եւ դրանից էլ նույնիսկ ցածր աշխատավարձ ստացող վարորդի վճարունակությանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ՝ պարզելու, թե ինչն է նման խայտառակ վիճակի պատճառը, եւ թե արդյոք որեւէ քայլ ձեռնարկվում է այդ ուղղությամբ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։