Սեռափոխություն կատարած մարդիկ կկարողանան մկրտվել կաթոլիկ եկեղեցում այնքան ժամանակ, քանի դեռ դա սկանդալ կամ «շփոթություն» չի առաջացրել։ Այս մասին հայտարարել է պաշտոնական Վատիկանը, փոխանցում է BBC-ն։
Վատիկանի դոկտրինալ բաժինը նաև հայտնել է, որ տրանսգենդերները կարող են կնքահայրեր լինել մկրտության ժամանակ և վկաներ՝ հարսանիքների ժամանակ։
Այս որոշումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից ևս մեկ փորձ է՝ կաթոլիկ եկեղեցին ԼԳԲՏ համայնքին ավելի հասանելի դարձնելու համար:
Հուլիսին պոնտիֆիկոսը խոսել էր մի տրանս անձի հետ և ասել, որ «նույնիսկ եթե մենք մեղավոր ենք, նա (Աստված) մոտենում է մեզ օգնելու»։
Վատիկանը պարզաբանել է տրանս մարդկանց նկատմամբ իր վերաբերմունքը այն բանից հետո, երբ բրազիլացի եպիսկոպոս Խոսե Նեգրին նամակ է գրել եկեղեցու առաջնորդներին՝ վեց հարց ուղղելով ԼԳԲՏ մարդկանց և նրանց` մկրտություններին և ամուսնություններին մասնակցելու մասին։
Չորեքշաբթի օրը վարդապետական բաժինը, Հռոմի Ֆրանցիսկոս պապի հավանությամբ, իր կայքում տեղադրել է երեք էջանոց պատասխան՝ ստորագրված արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսի կողմից։
Դրանում ասվում է, որ տրանսգենդերները, ներառյալ նրանք, ովքեր ենթարկվել են հորմոնալ բուժման և սեռափոխության վիրահատության, կարող են մկրտվել նույն պայմաններով, ինչ մյուս հավատացյալները, «եթե չկան իրավիճակներ, երբ կա հասարակական սկանդալի կամ հավատացյալների ապակողմնորոշման վտանգ»: