Թուրքիան, Եգիպտոսը և Իսրայելը համակարգող խումբ են ստեղծել Գազայի հատվածից վիրավորներին տարհանելու համար։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի առողջապահության նախարարը։
«Ռաֆահ անցակետով Գազայից հիվանդների դուրսբերմանն ուղղված դիվանագիտական աշխատանքի ընթացքում կապ է հաստատվել Իսրայելի առողջապահության նախարարի հետ և ձևավորվել է առողջապահական համակարգող խումբ, որի կազմում ընդգրկվել են երեք երկրների՝ Թուրքիայի, Եգիպտոսի և Իսրայելի ներկայացուցիչներ։ »,- գրել է Ֆահրեթին Քոջան թվիթերյան իր էջում։
«Մենք կարևոր հանդիպում ունեցանք Եգիպտոսի առողջապահության նախարարի հետ՝ կապված Գազայի հատվածից քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հետ: Քաղցկեղով հիվանդները, հատկապես երեխաները, նախ Ռաֆահի անցակետով կտեղափոխվեն եգիպտական հիվանդանոցներ Շեյխ Զուվեյդ և Էլ Արիշ քաղաքներում: Թուրքիայից ուղարկված բուժանձնակազմը եգիպտացի գործընկերների հետ միասին կբուժի Գազայից եկած հիվանդներին»,- ասել է նախարարը։
Ըստ Քոջայի՝ «երկրորդ փուլում նախատեսվում է որոշ հիվանդների տեղափոխել Թուրքիա», որտեղ նրանք կշարունակեն բուժումը։