Հետևեք մեզ։

Արցախից բռնի տեղահանվածների համար ԱՊՊԱ պայմանագիր կնքելը կլինի 50% ցածր վճարով

14:09, 10 նոյեմբեր 2023
Արցախից բռնի տեղահանվածների համար ԱՊՊԱ պայմանագիր կնքելը կլինի 50% ցածր վճարով
Արցախից բռնի տեղահանվածների համար Հայաստանի ապահովագրողների բյուրոն նվազեցրել է ԱՊՊԱ-ի հիմնական ապահովագրավճարը 50%-ի չափով։

 

«Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար»,-ասվում է ապահովագրողների բյուրոյի տարածած հայտարարության մեջ։

 

Ավտոտրանսպորտային միջոցը պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

 

ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,

մինչև 2020 թվականի արտադրության է,

չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,

սեփականության իրավունքն ապահովագրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

 

Որոշում է կայացվել` հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի բնակչության բռնի տեղահանման հետևանքով ՀՀ տարածք են մուտք գործել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեծ թվով ավտոմեքենաներ։

 

ԿԲ-ի կողմից լրացումները գրանցվել են և ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 15-ից։