Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Սիսիանի ոստիկանների հետ իրացրել են հետախուզվողի վերաբերյալ տեղեկություն: Սիսիանի բաժինը այս տարվա հուլիսի 14-ից հետախուզում էր երևանցի 23-ամյա երիտասարդի: Խափանման միջոց է ընտրվել կալանք:
Նոյեմբերի 9-ին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Շիրվանզադեի փողոցի մի բնակարանում, ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին:
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, Սիսիանում: Ժամը 19.30-ին Իսրայելյան-Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել վթար. մի սիսիանցու վարած «Նիսանը» բախվել էր Անգեղակոթ գյուղի մի բնակչի «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենային:
Վթարի վայրում մարդիկ էին հավաքվել, և սկսվել էր վեճ, որը վերաճել էր խուլիգանության: Հնչել էին հայհոյանքներ, խախտվել էր հասարակական կարգը:
Այդ ընթացքում վիճողներին էր մոտեցել նաև մայրաքաղաքի 23-ամյա բնակիչը, որը, խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ էր պատճառել անգեղակոթցի վարորդին ու նրա եղբորը, նաև վիճողներին բաժանող մի քաղաքացու:
Նախաքննությունը շարունակվում է։