Hayastan.news-ը հարցել էր Քննչական կոմիտեին` Աբովյանի ղեկավար, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի տուն ներխուժելու դեպքի մասին, ինչին ի պատասխան ՔԿ-ից հաստատեցին տեղեկությունը և հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 297-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև, հաշվի առնելով տան տարածք մտած անձի՝ վնասվածքներ ստացած լինելու հանգամանքը՝ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Դեպքի վայրից ոստիկանություն է տարվել առանձնատան տարածք մտած անձը, վերջինս ձերբակալվել է հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով»,-ասաց ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Ձերբակալված անձի վնասվածքների մասով նշանակվել է դատաբժշկական, իսկ օրգանիզմում թմրանյութի հնարավոր առկայության մասով՝ դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեական վարույթով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ բնակարանի տարածք մտնելու նպատակները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։