Հետևեք մեզ։

Հայաստանը պատրաստ է գալ Բրյուսել ու կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ․ Արմեն Գրիգորյան

17:00, 10 նոյեմբեր 2023
Հայաստանը պատրաստ է գալ Բրյուսել ու կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ․ Արմեն Գրիգորյան

Բրյուսելը նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը, Հայաստանը պատրաստ է այդ հանդիպմանը։ Այս մասին Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի շրջանակում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը

 

«Հայաստանը պատրաստ է եռակողմ հանդիպմանը Բրյուսելում. դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում: Երբ համաձայնություն լինի, հանդիպումը տեղի կունենա։ Կար պլանավորված հանդիպում առաջնորդների մակարդակով, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի վերջին, Հայատանը  պատրաստակամություն էր հայտնել գալ հանդիպմանը, բայց հանդիպումը տեղի չունեցավ», - ասել է նա։

 

Գրիգորյանը նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է խաղաղության․ «Այս պահին ուզում ենք, որ հստակեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, հրապարակային հաստատվի 29 800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա (խմբ․ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն)։ Կարևոր հարցերից մեկը գերիների վերադարձն է։ Հայաստանը պատրաստ է այս օրակարգով գալ Բրյուսել ու կնքել խաղաղության պայմանագիր»։