Հետևեք մեզ։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հարց է ուղղել Փաշինյանին

22:13, 10 նոյեմբեր 2023
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հարց է ուղղել Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը, հանդես է եկել ելույթով, և պատասխանել հարցերի։ Փաշինյանին հարց է ուղղել նաև Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան․

 

- Շնորհակալություն։ Ես Ադրբեջանի դեսպանն եմ Ֆրանսիայում։ Ուզում եմ ողջունել բանախոսներին, և Ձեզ՝ վարողին։ Կցանկանայի անդրադառնալ այն հարցին, ինչին Դուք, հարգելի վարող, անդրադարձաք։ Ֆրանսիան անհանգստացած է այսպես կոչված սպառնալիքից, որ Ադրբեջանը կարող է լարել Հայաստանի դեմ։ Թույլ տվեք շեշտել, որ այս մտավախությունը բացարձակապես անհիմն է, որովհետև այն, ինչ Ադրբեջանն արել է մինչ այժմ, դա իր ինքնիշխանությունը վերահաստատելն է եղել իր տարածքի նկատմամբ, ինչը, ի դեպ, ճանաչված է միջազգային հանրության կողմից։

Այսպիսով, փաստացի, մենք ստացել ենք այն, ինչը պատկանել է Ադրբեջանին միջազգային օրենքի ներքո։ Եվ ինչպես Ադրբեջանն արդեն հայտարարել է և վերահաստատել` մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ։ Մենք ոչ միայն հետաքրքրված ենք, Ադրբեջանը նաև նախաձեռնել է հարաբերությունների կարգավորում Հայաստանի հետ անմիջապես 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո։

Եվ իհարկե, Ադրբեջանն աջակցում է ուղղակի երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ես նաև կուզենայի անդրադառնալ Գրանադայի հանդիպմանը և Ադրբեջանի դիրքորոշմանն այդ հանդիպման վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահը հստակ նշել է, որ Գրանադայի հանդիպման նախորդ օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այցելեց Հայաստան և հայտարարեց Հայաստանին զինելու, զենք ուղարկելու որոշման մասին։ Սա իսկապե՞ս միտված էր խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը։ Զինելով Հայաստանին, զինելով ռևանշիստական գաղափարախոսություն ունեցող երկրին։ Մյուս կողմից, Ֆրանսիան պատրաստվում էր մասնակցել հանդիպմանը որպես միջնորդ։ Այսպիսով, երկիրը, որը հրապարակայնորեն կողմերից մեկին է աջակցում, և հրապարակայնորեն հայտարարում է զենք ուղարկելու որոշման մասին, և պնդում է, որ միջնորդ է։ Մյուս կողմից, առաջնորդները մերժեցին Թուրքիայի նախագահի մասնակցությունը։ Ադրբեջանը հրապարակային տվել է այս բացատրությունը։ Եվ ես կուզենայի կրկնել Ադրբեջանի դիրքորոշումը, որը հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հարատև խաղաղության վերականգման մասին է։ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը խաղաղության պայմանագրի մասով այն է, որ այդ պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, միջազգայնորեն ճանաչված սահմանների ճանաչման վրա, և տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանության ճանաչման վրա։ Շնորհակալություն։

 

Նիկոլ Փաշինյան - Մենք լսեցինք Ադրբեջանի մտադրությունների մասին, ինչը ես դրական եմ համարում։ Բայց մյուս կողմից ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից աճող հռետորաբանության վրա, որով Հայաստանի Հանրապետությունն անվանվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա շատ մտահոգիչ ուղերձ է, և շատ կարևոր է, որ այս խոսույթը հովանավորվում է կառավարության կողմից։ Բայց կա մի շատ պարզ հարց` չկա հավելյալ փաստարկների կարիք։ Եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք հասել Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, դա կնշանակի, որ մենք կարող ենք շարունակել առաջ գնալ։

Կուզենայի անդրադառնալ Ֆրանսիայի ու Հայաստանի հետ կապված հարցին։ Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր և այլն, և այլն։

 

Մոդերատոր, «Մոնտեին ինստիտուտ»-ի հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզ -Յուրաքանչյուր երկիր ունի իրեն պաշտպանելու իրավունք։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ հիմնական ուղերձն այն է, ինչի մասին արդեն ասացի, եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են` դա կնշանակի մոտակա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ առավել քան իրատեսական կլինի։ Եկեք առաջ շարժվենք։