Հետևեք մեզ։

«Քովիդի» գործով պարտականությունները չկատարելու մեջ մեղադրվող Գևորգ Սիմոնյանին Տիգրան Ավինյանը պարգևատրել է արդյունավետ աշխատանքի համար

22:44, 10 նոյեմբեր 2023
«Քովիդի» գործով պարտականությունները չկատարելու մեջ մեղադրվող Գևորգ Սիմոնյանին Տիգրան Ավինյանը պարգևատրել է արդյունավետ աշխատանքի համար

Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ով «Քովիդի» գործով որպես Առողջապահության նախկին փոխնախարար մեղադրվում է ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ  և այդ գործով  կալանավորվել էր, Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվել է արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ գործունեության համար։

Պարգևատրվելու մասին գրառումն արել է Գևորգ Սիմոնյանը․

«Սիրելի՛ երևանցիներ,

Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ այսօր՝ իմ վերջին աշխատանքային օրը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ գործունեության համար պարգևատրվեցի Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Զբաղեցնելով փոխքաղաքապետի պաշտոնը՝ ես մեծ պատասխանատվությամբ և անկեղծ նվիրումով կատարել եմ ստանձնածս պարտականությունները, ամենօրյա քրտնաջան աշխատանքով փորձել եմ իմ ներդրումն ունենալ մեր Երևանի բնականոն կյանքի ապահովման և կայուն զարգացման գործում։

Վերջին տարիների ընթացքում մենք շատ դժվար մարտահրավերներ ենք հաղթահարել` լուծելով բազում մեծ ու փոքր անլուծելի թվացող խնդիրներ՝ հանուն մեր քաղաքի ու քաղաքացիների։

Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի իմ բոլոր գործընկերներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար»։

 

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: