Հետևեք մեզ։

ԲԴԽ-ն որ դատավորների թեկնածությունն է ներկայացրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար. «Հրապարակ»

09:43, 11 նոյեմբեր 2023
ԲԴԽ-ն որ դատավորների թեկնածությունն է ներկայացրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը բարդ ընտրության առաջ է կանգնած։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար այնպիսի թեկնածություններ է ներկայացրել, որ ՔՊ-ականների համար հեշտ չի լինելու ընտրություն կատարել, թե իշխանության «սրտի» հատկապես որ դատավորին անցկացնեն։ Իհարկե, որոշողն ուսապարկերը չեն, նրանց կասվի, թե ում ընտրեն, սակայն պետք է հիմնավորեն՝ ինչու սրան եւ ոչ թե մյուսին։

 

Թեկնածուներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ավելի ճիշտ՝ ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանն է, ով Կարեն Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր՝ ԲԴԽ դատավոր-անդամի թափուր պաշտոնի համար, սակայն դատավորներն ընտրեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ 2018-ից այս կողմ քաղաքական հնչեղություն ունեցող որոշ գործեր քննել է Ռուբիկ Մխիթարյանը. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ այլոց կալանքի որոշումները տվել է Ռուբիկ Մխիթարյանը: Երկրորդ թեկնածուն Երեւանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն է՝ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով դատավորը, որը չխորշեց զոհվածի մորը կալանք տալուց։

 

Թեկնածուների մեջ է նաեւ Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, ում վճռով ազատ արձակվեց ՔՊ-ական նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը: Մարաբյանի մեկ այլ որոշման տեքստում նաեւ արձանագրվել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արարքում բացառվում է փողերի լվացման մասով հիմնավոր կասկածի առկայությունը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։