Հետևեք մեզ։

«Արևմտյան ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների՝ հայրենի հողեր վերադարձի պահանջը որակվում է ագրեսիայի նախապատրաստում Հայաստանի դեմ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին

11:16, 11 նոյեմբեր 2023
«Արևմտյան ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների՝ հայրենի հողեր վերադարձի պահանջը որակվում է ագրեսիայի նախապատրաստում Հայաստանի դեմ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝  Փաշինյանի հայտարարության մասին

2023 թվականի նոյեմբերի 10-ին Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհիմն պնդումները ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

 

«Խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե Ղարաբաղում բնակվող հայ բնակիչները ենթարկվել են «էթնիկ զտումների»։ Փաշինյանին քաջ հայտնի է, որ Ղարաբաղում ապրող հայ բնակիչների՝ իրենց անձնական որոշումների հիման վրա Հայաստան տեղափոխելը ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ։ Արևմտյան ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների՝ հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի պահանջը որակվում է որպես տարածքային պահանջ և ագրեսիայի նախապատրաստում Հայաստանի դեմ։ Հայկական կողմն էր, որ  մերժեց Արևմտյան Ադրբեջան համայնքի երկխոսության առաջարկը: Հուսով ենք, որ Հայաստանը համարժեք պատասխան կտա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ Ադրբեջանի կոչերին», նշվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ  Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից աճող հռետորաբանության վրա, որով Հայաստանի Հանրապետությունն անվանվում է «Արևմտյան Ադրբեջան»։

«Սա շատ մտահոգիչ ուղերձ է, և շատ կարևոր է, որ այս խոսույթը հովանավորվում է կառավարության կողմից։ Բայց կա մի շատ պարզ հարց` չկա հավելյալ փաստարկների կարիք։ Եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք հասել Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, դա կնշանակի, որ մենք կարող ենք շարունակել առաջ գնալ»,- ասել է նա։