Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «չափազանց անհանգստացած է» Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի մոտ ավիահարվածների մասին հաղորդումներով։ Այս մասին ասել է ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուսը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով հիվանդանոցի բժշկին, հայտնել էր, որ ուրբաթ երեկոյան ռմբակոծության ձայներ են լսվել հաստատության մոտակայքում։
«Մենք չափազանց անհանգստացած ենք Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքում օդային հարվածների մասին հաղորդագրություններով: Բազմաթիվ բուժաշխատողներ, որոնց հետ կապվել ենք, ստիպված են եղել լքել հիվանդանոցը անվտանգության համար: Մյուսները հայտնում են, որ չեն կարող շարժվել վտանգի պատճառով: Հիվանդանոցում պատսպարվածները ստիպված են տարհանվել անվտանգության ռիսկերի պատճառով, շատերը դեռ մնում են այնտեղ»,- գրել է ԱՀԿ ղեկավարը թվիթերյան իր էջում։
Ավելի վաղ Գազայի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը Al Jazeera-ին հայտնել էր, որ Գազայի հատվածում «Ալ-Շիֆա» հիվանդանոցի վրա իսրայելական կողմի հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։