Պաղեստինցի պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է բանակցությունները իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ՝ Ալ-Շիֆա հիվանդանոցի վրա հարձակումից հետո:
Իսրայելը դեռ պաշտոնական համաձայնություն չի տվել նույնիսկ անուղղակի բանակցություններին, որոնք, այնուամենայնիվ, ոչ պաշտոնապես տեղի են ունեցել Քաթարում։ Խոսքը իսրայելցի պատանդների ազատ արձակման մասին է՝ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների՝ հիմնականում կանանց ազատ արձակման դիմաց։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները չեն բացառում նման համաձայնագրի կնքման հնարավորությունը։ Կարծում են, որ մարդասիրական նկատառումներով կարճաժամկետ հրադադարը առաջին քայլն է չհայտարարված բանակցային գործընթացում:
Իսրայելը գիտի, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատել իրենց ձեռքում գտնվող կանանց ու երեխաներին։ Փոխարենը ՀԱՄԱՍ-ը պահանջում է բանտարկյալների ազատ արձակում, վառելիք և հավելյալ մարդասիրական օգնություն։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին հաստատել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև որոշակի փոխըմբռնում կա համաձայնագրի հնարավոր տարբերակների շուրջ, որոնք կներառեն Իսրայելում առևանգված 80 կանանց և երեխաներին՝ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի կանանց և դեռահասների դիմաց։