Հետևեք մեզ։

Թուրքիան ֆինանսական աջակցություն չի տրամադրի հայկական մամուլին

00:22, 13 նոյեմբեր 2023
Թուրքիան ֆինանսական աջակցություն չի տրամադրի հայկական մամուլին

Թուրքիայում գործող մամուլի գովազդային կազմակերպությունը 2023-ին տեղի ունեցած վերջին խորհրդի նիստում այդպես էլ որոշում չի կայացրել երկրում բնակվող փոքրամասնություններին պատկանող մամուլին աջակցություն տրամադրելու հարցում:

Այդպիսով պարզ է դարձել, որ հայկական, հունական և հրեական մամուլին աջակցություն չի տրամադրվելու: Նմանատիպ գործելաոճ եղել էր նաև 2020-ին, հայտնում է Ermenihaber․am-ը։

Այս պահին կազմակերպությունը փոքրամասնությունների մամուլին գովազդ չի տրամադրում, սակայն 10 տարի ի վեր յուրաքանչյուր տարվա ընթացքում կայացած խորհրդի նիստի ընթացքում որոշում էր ընդունվում «Լոզանի խաղաղության պայմանագրի շրջանակներում փոքրամասնության կարգավիճակ ունեցող հասարակության համար հրապարակվող թերթերին» նյութական օգնություն տրամադրել:

Նշենք, որ 2021-ին հիշյալ փոքրամասնություններին տրամադրված գումարն ընդհանուր առմամբ կազմել է 350.000 լիրա (12 300 դոլար), իսկ 2022-ին՝ 300.000 (10 500 դոլար)։

Ուշագրավ է այն փաստը, որ փետրվարի 7-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո Թուրքիայի կառավարությունը որոշում էր կայացրել աջակցություն ցուցաբերել տեղական մամուլին, որը սակայն փաստացի ամբողջապես չի իրականացվել: