Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիայից «Bastion» զրահատեխնիկայի խմբաքանակը հասել է Հայաստան։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը դատապարտող մեկնաբանություն է տարածել.
«Ֆրանսիայի այս քայլերը, որը ներկայանում է որպես միջազգային իրավունքի խթանող և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ջատագով, լրջորեն կասկածի տակ են դնում հարաբերությունները կարգավորելու ջանքերը։
Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի զրպարտչական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը ծառայող այս քայլերը ցույց են տալիս, որ Ֆրանսիան գործում է տարածաշրջանում սխալ շահերից ելնելով։
Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ տան տարածաշրջանի ռազմականացման քաղաքականությանը, և այդ երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը զերծ մնալ իր ագրեսիվ քաղաքականությամբ և գործողություններով հայտնի Հայաստանին զինելուց և դրա համար պայմաններ ստեղծել, դադարեցնել և դատապարտել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատումը խոչընդոտող նման անօրինական գործողությունները»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։