Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը պաշտոնանկ է արել ներքին գործերի նախարար Սուելլա Բրավերմանին այն բանից հետո, երբ նա հոդված է հրապարակել, որտեղ քննադատում է ոստիկանության գործողությունները Պաղեստինին աջակցող ցույցերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սունակը նախատեսում է երկուշաբթի օրը հայտարարել կաբինետի կազմում փոփոխությունների մասին։ Սուելլա Բրավերմանը վերջին շաբաթվա ընթացքում ենթարկվել է կոշտ քննադատության թե՛ ընդդիմության, թե՛ իշխող կուսակցության որոշ գործընկերների կողմից: Անցյալ շաբաթ նա The Times-ում հոդված է գրել՝ նկարագրելով պաղեստինամետ բողոքի ցույցերը որպես «ատելության երթեր»՝ համեմատելով դրանք Հյուսիսային Իռլանդիայում իռլանդական հանրապետական ցույցերի հետ:
Ավելի ուշ բրիտանական լրատվամիջոցները հայտնել են, որ Բրեվերմանը չի լսել առաջարկությունները՝ հոդվածում Սքոթլանդ Յարդի մասին կոշտ արտահայտություններ չօգտագործելու վերաբերյալ։ Ներքին գործերի նախարարը քննադատել է Լոնդոնի ոստիկանապետ Մարկ Ռոուլիին այն բանից հետո, երբ նա չի արգելել անցած շաբաթ օրը Պաղեստինին աջակցող երթը՝ հնարավոր լուրջ անկարգությունների վերաբերյալ հետախուզության բացակայության պատճառով: