Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը BBC-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչ է կատարվում Գազայի Ալ-Շիֆա կենտրոնական հիվանդանոցում։
Նախկինում հաղորդվում էր, որ հիվանդանոցում վառելիքի բացակայության պատճառով մահացել են մի քանի վաղաժամ ծնված երեխաներ, ովքեր ինտենսիվ թերապիայի կարիք են ունեցել։ Լինդմայերի խոսքով՝ ծայրահեղ լուրջ մտահոգությունը ոչ միայն նորածինների ճակատագիրն է, այլ նաև 45 հիվանդների, որոնց կյանքը կախված է երիկամների դիալիզից. էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով դրա համար անհրաժեշտ սարքավորումները դադարել են աշխատել։
Լինդմայերը հայտնել է, որ ներկայումս հիվանդանոցում կա 600 հիվանդ, և շատ խաղաղ բնակիչներ նույնպես պատսպարվում են հիվանդանոցում: Գազայի բժիշկներն ասում են, որ ավելի շատ դիակներ են հայտնվում հիվանդանոցում և շրջակայքում: Լինդմայերը նկարագրել է իրավիճակն այսպես. «Հիվանդանոցի մոտ դիակներ կան, որոնք հնարավոր չէ մշակել, և որոնց նույնիսկ հնարավոր չէ թաղել կամ տեղափոխել որևէ դիահերձարան։ Հիվանդանոցն այլևս չի գործում այնպես, ինչպես պետք է. դա համարյա գերեզմանոց է»։
Իսրայելը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը հիվանդանոցներն ու նրանց հիվանդներին օգտագործում է որպես կենդանի վահան: Ըստ իսրայելական զինվորականների՝ ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը գտնվում է Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ։ Պաղեստինյան խումբը և հենց հիվանդանոցը հերքում են դա։