ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե որտեղ է կառուցվելու Ակադեմիական քաղաքը։
Նա նշել է, որ նոր քաղաքը կառուցվելու է Վահագնի թաղամասի, Պռոշյանից բնակավայրի և Աշտարակ քաղաքի միջև ընկած հատվածում։
«Ընդ որում պիտի հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքի նախագիծը պիտի սկսվի «Հայֆիլմի» տարածքից, որտեղ կտեղակայվի Արվեստների կլաստերը, արվեստների ավագ դպրոցով և համալսարանով, կունենաք ժամանակակից համերգասրահ։Այս հատվածում կունենանք համալսարաններ։ Ուզում եմ ընդգծել սպայական ավագ դպրոցը, սպայական համալսարանը, Ֆիզիկայի ինստիտուտի Աշտարակի ավանում կունենանք տեխնոլոգիական կլաստերը, ընդ որում մի էսպիսի նրբության մասին էլ եմ ուզում ասել, մտածում եմ, որ այդ 3 հատվածը իրար կապող հատվածը կլինի տրամվայը»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե մասնագետները տեխնիկատնտեսական և ճարտարապետական հաշվարկները հաստատեն, հենց այդ հատվածում կունենանք նաև ֆուտբոլի ազգային ստադիոնը։
«Ուզում եմ ասել, որ նաև սա է այո՛, մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին։ Ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, Հայաստանի ապագան տեխնոլոգիաներն են, գիտությունն է, և հայաստանի ապագան արվեստն է և ուզում եմ ընդգծել նաև, որ համերգասրահը կլինի ոչ միայն համերգասրահ, այլև դահլիճ նախատեսված և կինոդիտումների և օպերայի և թատրոնի համար, այսպես ասած՝ ունիվերսալ բեմ կունենա և «Հայֆիլմի այն հատվածները, ստուդիաները, պավիլիոնները կօգտագործվեն նաև ուսանողների համար, իսկ Արվեստների համալսարանն իր մեջ կներառի գրականությունը, երաժշտությունը, թատրոնը, կինոն»։
Նա նշել է, որ ակադեմիական քաղաքում կլինի նաև սպայական հատվածը՝ սպայական բոլոր մասնագիտությունները՝ ավագ դպրոցով և սպայական համալսարանով։
«Այո՛, այսպիսին պետք է լինի մարտահրավերներին մեր արձագանքը, որովհետև անվտանգային ուժեղ համակարգը նշանակում է նաև կրթություն, այդ թվում գիտություն, մշակույթ, որովհետև ինքնության անվտանգությունը պակաս կարևոր չէ։ Ես ապրում եմ այս ծրագրով և ուզում եմ իմ ապրումները կիսել նաև ձեզ հետ։ Այս տարածքն է, որտեղ պիտի կառուցվի Հայաստանի ապագան, որի մասին ասել եմ, որ ապագա կա»։