Արարատի մարզում ավտովթարից մահացած տղամարդը Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով մահացած Սերգեյ Կևորկովի հայրն է եղել՝ Կարեն Կևորկովը։ Այս մասին գրում է Armlur.am-ը։ Նշենք, որ որդուն կացարանի հրդեհի հետևանքով կորցնելուց հետո՝ նրանք, ի հիշատակ իրենց զինվոր որդու, որոշել էին երեխա ունենալ: Կևորկովի կինը հղի է։
Նշենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում, որի հետևանքով էլ կա մեկ զոհ, մեկ վիրավոր։