Հետևեք մեզ։

«ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. սեփանակատերերն անհայտ են․ «Հետք»

23:34, 13 նոյեմբեր 2023
«ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. սեփանակատերերն անհայտ են․ «Հետք»

Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը, այս մասին գրում է «Հետք»-ը։

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նոյեմբերի 3-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ: Համաձայն դրա` Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել ընկերության բաժնետոմսերի 100 %-ը:

Նկատի ունենալով, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը՝ այս գործարքի կնքման արդյունքում ընկերությունն այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից: 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նոյեմբերի 9-ի գրությամբ հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ առարկություններ չունի: Կից ներկայացրել է նաև Ազգային անվտանգության ծառայության` գործարքի վերաբերյալ դիտողություն չունենալու դիրքորոշումը:

Այդպիսով, քանի որ գործարքի կնքման մերժման հիմքերը բացակայում են, ՀԾԿՀ-ն նոյեմբերի 15-ին վաճառքի գործարքին համաձայնություն տալու որոշում է կայացնելու:

Այժմ անդրադառնանք Կիպրոսում գրանցված ընկերություններին, որոնց իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Այստեղ համապատասխանաբար 75 և 25 % մասնակցությամբ բաժնեմաս ունի Կիպրոսում գրանցված երկու ընկերություն` «Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը (NOFAL HOLDINGS LIMITED) և «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ը (ORTASANO INVESTMENTS LIMITED):

«Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը գրանցվել է 2022թ. ապրիլի 18-ին և 100% բաժնեմասով պատկանում է «Վայմթեդ լիմիթիդ»-ին  (WIMTHED LIMITED):

 

 

«Վայմթեդ լիմիթիդ»-ն էլ գրանցվել է նույն տարվա հուլիսի 6-ին: Այստեղ այս մի շղթան ավարտվում է, որովհետև վերջինիս բաժնետերը Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Օրիսն է (ANDREAS OURRIS)։ Նա Կիպրոսում գրանցված մի շարք այլ ընկերությունների տնօրեն է, մենեջեր կամ բաժնետեր, ինչը նշանակում է, որ պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ է:

«Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի փոքր բաժնետիրոջ` «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ի շղթան մեկ ընկերություն է ամփոփում` նույն «Վայմթեդ լիմիթիդ»-ը:

Այս բոլոր ընկերությունների վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե ոչինչ չկա` բացառությամբ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի վաճառքի վերաբերյալ մամուլի հրապարակումների: Դրանք բոլորը գրանցվել են 2022 թվականին, ոլորտում որևէ գործունեություն չեն ծավալում:

Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին հարցրել ենք՝ արդյոք վաճառքին համաձայնություն տալուց առաջ հետաքրքրվել են, թե ով կամ ովքեր են Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի իրական շահառուն կամ շահառուները եւ խնդրել ենք հայտնել նրանց անունները:

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` իրական շահառուների վերջին հայտարարագրի, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ում 20.7 % մասնակցություն ունի Վլադիմիր Եվտուշենկովը` մի շարք միջանկյալ ընկերությունների միջոցով: Այսինքն` նրա մասնակցությունն ուղղակի չէ: 

Իրական այլ շահառուներ հայտարարագրում նշված չէ: Ընկերությունը մեծ բացատրություն է ներկայացրել հայտարարգրում, թե ինչպես է գոյացել Եվտուշենկովի նշված` 20.7 % մասնակցությունը:  

Մասնավորապես` քանի որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի մասնակցության շղթայում ներառված «Սիստեմա» հանրային ֆինանսական բաժնետիրական կորպորացիա ընկերության և «Մոբայլ Տելեսիստեմս» հանրային բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ցուցակված են համապատասխանաբար Լոնդոնի և Մոսկվայի ֆոնդային բորսաներում, սույն հայտարարագրում ներկայացված են տվյալներ նշված ընկերությունների այն բաժնետոմսերի պատկանելիության մասին, որոնք չեն գտնվում ազատ շրջանառության մեջ:

Կազմակերպության իրական շահառու Վլադիմիր Եվտուշենկովի անուղղակի մասնակցության չափը հաշվարկվել է հետյալ կերպով. «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերում «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ի մասնակցության չափը (100%) բազմապատկվում է «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ի բաժնետոմսերում «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ Ս.Ա.Ռ.Լ.» ՍՊԸ-ի մասնակցության չափով (100%), որը բազմապատկվում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ Ս.Ա.Ռ.Լ.» ՍՊԸ-ի բաժնետոմսերում «ՄՏՍ» ՀԲԸ-ի մասնակցության չափով (100%), որը բազմապատկվում է «ՄՏՍ» ՀԲԸ-ի բաժնետոմսերում «Սիստեմա» ՀՖԲԿ-ի մասնակցության չափով (42.085%), որը բազմապատկվում է «Սիստեմա» ՀՖԲԿ-ի բաժնետոմսերում Վլադիմիր Եվտուշենկովի մասնակցության չափով (49.2%), որը հավասար կլինի 100*100/100*100/100*42.085/100*49.2/100= 20.70582 % «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ Ս.Ա.Ռ.Լ.» և «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում միանձնյա գործադիր մարմինը բացակայում է:

Ընկերությունների ղեկավարումն իրականացնում են կոլեգիալ գործադիր մարմինները: «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ Ս.Ա.Ռ.Լ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինության կազմը հետևյալն է՝ Քրիստիան Տաիլլեուր (Christian Tailleur), Ռոնալդի Տաբատադզե (Rolandi Tabatadze) և Ջեյմս Բոդի (James Body): Հաշվի առնելով, որ ԻՇ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում տեխնիկապես հնարավոր չէ լրացնել երեք հոգու տվյալներ, լրացվում է նրանցից միայն մեկինը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։