Մեզ տեղեկություններ են հասնում, որ ՀՀ քաղաքացիներից բժշկական հաստատություններում կանխիկ գումարներ են ուզում՝ անկախ նրանից, քաղաքացին ենթակա է պետպատվերով բուժման, թե ոչ։ Ես դիմում եմ քաղաքացիներին՝ երբ բուժհաստատությունում կանխիկ ձեզանից անգամ 10 դրամ են պահանջում, դա կոռուպցիայի դրսևորում է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Այդ գումար ուզող մարդն գողանում է այդ գումարը, որովհետև Հայաստանում բոլոր բժշկական ծառայությունները կատարվում են անկանխիկ եղանակով։ Զարմացած եմ, որ այդ երևույթն այսքան համատարած բնույթ է կրում Հայաստանում։ Սա թե՛ առողջահական համակարգի, թե՛ իրավապահ մարմինների բացթողումն է»,- նկատեց պատգամավորը։
Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ իրենց թիմը զբաղված է անվտանգային խնդիրներով, իսկ ուրիշներն օգտվում են դրանից և իրենց հնարավորություն են տալիս ՀՀ-ում զբաղվել կոռուպցիայով:
«Ես ձեզ ասում եմ ոչ այդքան հարգելի կոռուպցիոներներ. անկախ նրանից, թե դուք որտեղ եք աշխատում, ինչ հաստիք եք զբաղեցնում, ինչ կապեր ունեք, ձեր հետևից միանշանակ գալու են, առանց կասկածի: Եթե այսօր գիշերը չգան, վաղը գիշերն են գալու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր հետևից գան և պետք է գան»,-ասաց նա։