Հետևեք մեզ։

Կառավարության ուղերձը հետևյալն է՝ «ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, ջհանդամին, թե չեն կրակելու, չենք մեռնելու, գոնե կուշտ կմեռնենք»․ սա մահախոսական է․ Արծվիկ Մինասյան

16:01, 15 նոյեմբեր 2023
Կառավարության ուղերձը  հետևյալն է՝ «ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, ջհանդամին, թե չեն կրակելու, չենք մեռնելու, գոնե կուշտ կմեռնենք»․ սա մահախոսական է․ Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունենալիս մեջբերումներ արեց Նիկոլ Փաշինյանի ուղերձից։

 

«Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի ուղերձից երկու նախադասություն։ «Այս բյուջեն նախորդ տարիներին  կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունների շարունակությունն է»։ Սա կարդալիս ես հիշում եմ, որ հպարտորեն այս ամբիոնից հայտարարվում էր արժանապատիվ Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին։ Այլևս հայը չպետք է ենթարկվի ցեղասպանության վտանգին, չպետք է լքի բնակության վայրը։ Հիմա, եթե այս բյուջեն դրա շարունակությունն է, ու մենք տեսնում ենք, թե ինչ հետևանք ունենք, շատ տխուր եզրահանգման ենք գալիս։ Եթե նախորդ դրսևորումները այս բյուջեով պիտի լինի, սա ավելի ծանր հետևանքներ է բերելու։ Եթե այլ բան եք նկատի ունեցել, խնդրեմ՝ պարզաբանեք։ Երկրորդը՝ այստեղ խոսվեց հրաշք մի երկրի մասին, որտեղ մարդիկ պետք է երջանկությունից ուղղակի պար գան, մինչդեռ մենք ունենք 150,000-ից ավելի տեղահանված հայրենակիցներ, որոնց նվազագույն իրավունքների պաշտպանության համար անգամ ՀՀ իշխանությունները ռիսկ չեն անում բարձրաձայնել։ Այդ հրաշք ներկայացման հետ մեկտեղ մենք կարդում ենք նաև մի այսպիսի նախադասություն՝ «մենք բյուջեն կազմում ենք մի այնպիսի միջավայրում, երբ ունենք ահագնացող անվտանգային խնդիրներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանված անձինք, ում պետք է ապահովենք արժանապատիվ կեցություն ՀՀ-ում»։ Իրականում հասկանում ես՝ կառավարության ուղերձը վերաբերում էր հետևյալին՝ «ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, փորձելու ենք այս բոլոր ծրագրերը իրականացնենք, ջհանդամին, թե չեն կրակելու, ջհանդամին, թե չենք մեռնելու, բայց գոնե կուշտ կմեռնենք»։ Սա մահախոսական է։ Ես առաջարկում եմ՝ փոխվի որակն ու աճը, ավելի հստակ պատկերացումներ լինեն անվտանգային իրավիճակի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը։