«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցները կրկին ահազանգում են. «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին: Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարեւանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթեւեկելիս քանդում են ճանապարհները, ինչն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթեւեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում եւս երեւում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, եւ պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են եւ միայն սրանով չեն սահմանափակվում: Մեզ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 3-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, եւ նրանք նախարարության մերժումները վիճարկում են դատարանում:
Մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակցություն չի տվել «ՄԼ մայնինգ» ընկերությանը, որ նա Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արեւմտյան» տեղամասում արդյունահանման աշխատանքներ իրականացնի, ինչի համար «ՄԼ մայնինգ»-ը դատի է տվել նախարարությանը՝ պահանջելով դատարանին պարտավորեցնել նախարարությանը ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արեւմտյան» տեղամասի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը դրական պետական փորձաքննական եզրակացություն տրամադրել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։