ՀԱՊԿ-ը Երևանից որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացել այն մասին, որ Հայաստանը լքում է կազմակերպությունը։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Հայաստանի ղեկավարության կողմից կազմակերպությանը պաշտոնական հայտարարություններ չեն եղել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այդ առնչությամբ ոչ մի փաստաթուղթ չի եղել»,- ասել է նա։
Խոսելով «2023 թվականին համատեղ միջոցառումներին Հայաստանի սահմանափակ մասնակցության մասին»՝ նա նշել է, որ Երևանը շարունակում է մասնակցել ՀԱՊԿ օրենսդրական գործունեությանը, փաստաթղթերի քննարկմանը և ֆինանսավորմանը։