Հետևեք մեզ։

Ֆաթիմա Զուրաբովան չի ցանկանում ՀՀ-ից վերադառնալ Ինգուշեթիա․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

14:19, 16 նոյեմբեր 2023
Ֆաթիմա Զուրաբովան չի ցանկանում ՀՀ-ից վերադառնալ Ինգուշեթիա․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
 
2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր ընկերոջ եղբոր դուստր՝ Ֆատիմա Ահմադի Զուրաբովան, Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
 
«Փաստի առթիվ 2023թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (տվյալ պահին անհայտ կորելու հիմքով), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔվ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
 
Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, ապա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:
Նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, ով, իմանալով իր պատմությունը, դեպի ՀՀ գնել է տոմս, որից հետո սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան: Հայաստանում բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության կողմից վարձակալած վայրում: Նշել է, որ ՀՀ-ում որևէ բռնության չի ենթարկվել, որևէ մեկն իրեն վնաս չի հասցրել:
 
Հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում: Վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով։
 
Վերոնշյալ վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Վերջինս արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։
Նախաքննությունը շարունակվում է»,-գրել է Աբրահամյանը:

Վերլուծական