Հետևեք մեզ։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Վարչական դատարան դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու պահանջով

18:11, 25 մարտ 2023
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Վարչական դատարան դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու պահանջով

Վաղը Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Սակայն, այսօր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը Վարչական դատարան դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Այս մասին Hayastan.news-ին հայտնեց ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանը։

Պայմանավորված լռության օրով նախընտրական ժամանակահատվածում բանախոսի նշած խախտումներին չանդրադառնալով, նշենք, որ ըստ Բալյանի՝ այսօր տեղի է ունեցել Ընտրատարածքային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարն առանց քննելու իրենց դիմումը, կայացրել են որոշում․ «Ընտրատարածքային հանձնաժողովն մեր դիմումը չի քննել, խախտումների միջև կապ չի տեսել։ Նիստին ընդմիջում են հայտարարել, և միանգամից՝ դրանից անմիջապես հետո հայտնել են որոշման մասին։ Ժամանակ չի տրվել պատճառաբանական մասը ներկայացնելու, Հանձնաժողովից ասում են՝ ընդմիջումից հետո էր այդ հատվածը, այստեղ չէիք, այնինչ, նիստի վերսկսման մասին մեզ չեն հայտնել»։

Բալյանի խոսքով՝ երբ փորձի են ներբեռնել նիստի տեսագրությունը, Հանձնաժողովն այն ջնջել է, ըստ նրա՝ իրենց դիմումի վերաբերյալ որոշումը Ընտրատեղամասային հանձնաժողովին ուղարկվել է Երևանից։

Բալյանը հայտնում է, որ ունի բոլոր նյութերն ու ապացույցները տեղի ունեցած իրադարձությունների մասին։