Բնականաբար, Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, կոչ ենք անում ավելի կառուցողական, արդյունավետ քննարկումների դաշտ վերադառնալ: ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարգին, եւ մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ նաեւ հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան նստել եւ կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում է Ադրբեջանի հերթական հրաժարմանը՝ մասնակցելու Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով նախատեսված հանդիպմանը:
«Մենք որեւէ բան չենք բացառում, մենք կառուցողական կերպով առաջ ենք շարժվում խաղաղության օրակարգով եւ կրկնում եմ՝ հույս ունեմ, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ եւ ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել եւ Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ»,- հավելել է Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագրողի մյուս հարցին, որը վերաբերում էր մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն նյարդային արձագանքեց ամերիկյան բարձրաձայնումներին եւ իր այդ հայտարարությունն ավարտեց մոտավորապես այս տեքստով, թե Ադրբեջանն իրավունք ունի ուժ կիրառել իր տարածքը պահպանելու համար: Դուք այստեղ ուղղակի սպառնալիք չեք տեսնո՞ւմ ե՛ւ խաղաղության գործընթացին, ե՛ւ Հայաստանին»,- հարցրել է լրագրողը՝ նշելով Ադրբեջանի ոչ դիվանագիտական լեզուն:
«Մենք տեսնում ենք ոչ կառուցողական մոտեցում, ինչն իր հերթին կարող է ծնել բազմաթիվ խնդիրներ եւ ռիսկեր: Եվ հենց այս տրամաբանությամբ մենք շարժվում ենք կառուցողական ճանապարհով՝ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ եւ աջակցությամբ Ադրբեջանին վերադարձնելու համար բանակցությունների սեղան՝ կառուցողական դաշտում առաջ շարժվելու խաղաղության օրակարգով: Սա մեր քաղաքականությունն է, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի տեքստից Ձեր մեջբերած նախադասությանը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության պահպանմանը, ես այստեղ որեւէ տարօրինակ բան չեմ տեսնում եւ չեմ ուզում գույներն էլ ավելի խտացնել: Ըստ էության` մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ այս հարցին արձագանքել է՝ նշելով, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումները կարող են որոշակիորեն խնդիրներ առաջացնել: «Սա դիվանագիտական, ծանր, դժվար աշխատանք է, եւ այդ աշխատանքն ու առկա վիճակը ենթադրում են, որ մենք պետք է շարունակենք այն ուղղությամբ աշխատել, ինչ մինչեւ հիմա: Այն, ինչ ունենք հողի վրա, այն փաստաթղթերը, այն դիրքորոշումները, որոնք ունեն, օրինակ, մի շարք կարեւոր գործընկերներ, դրանք մեզ հնարավորություն են տալիս, մեր կարծիքով՝ գնալ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով: Կա՞ն խոչընդոտներ, իհարկե, կան: Եվ եթե դրանք չլինեին, միգուցե այսօր կնքված լիներ դա: Սա մի գործընթաց է, որը շատ երկար շարունակվել է: Բայց նաեւ Ադրբեջանի դիրքորոշումն այս պահին թույլ է տալիս մեզ եզրակացնել, որ մեր դիվանագիտությունը եւ մեր պետության արտաքին քաղաքականությունն այդ առումով շատ ճիշտ ուղղությամբ է գնացել մինչեւ հիմա»,- ասել է պատգամավորը: