Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովներին, որոնք կկայանան տարեվերջին Սանկտ Պետերբուրգում, սակայն նրա մասնակցությունը դեռ հաստատված չէ։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դեռ չգիտենք։ Բոլորը հրավիրված են։ Հայկական կողմը լավ գիտի, որ բոլորը հրավիրված են, որ սա ավանդական ձեւաչափ է։ Իհարկե, մենք նրան կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Պեսկովը։
Նշենք, Փաշինյանն արդեն բաց է թողել ԱՊՀ երկրների ղեկավարների պաշտոնական գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել հոկտեմբերին Բիշքեկում։ Նա հրաժարվել է մասնակցել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում։
Կրեմլը ափսոսանք է հայտնել այս որոշման կապակցությամբ։