Հետևեք մեզ։

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ և պատշաճ կատարել ՄՔ դատարանի որոշումը. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

15:15, 18 նոյեմբեր 2023
Ադրբեջանը պարտավոր է անհապաղ և պատշաճ կատարել ՄՔ դատարանի որոշումը. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կայացրեց որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

 

Հիշեցնենք՝ Հայաստանը ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ այս միջնորդությունը ներկայացրել էր ս.թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո:

 

Չնայած ս.թ. հոկտեմբերի 12-ին կայացած դատական լսումների ժամանակ Ադրբեջանի կողմից կատարված որոշ հանձնառությունների՝ Դատարանն, այնուամենայնիվ, գտավ, որ դրանք բավարար չեն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու վտանգը ամբողջովին վերացնելու համար։

 

Ըստ այդմ, մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով վերջնական վճռի կայացումը Դատարանն Ադրբեջանի նկատմամբ կիրառեց հերթական ժամանակավոր միջոցները՝ վերջինից պահանջելով.

 

1. «(ա) ​​ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (բ) ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և որոնք ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (գ) ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, և որոնք ցանկանում են մնալ այնտեղ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»: 

 

2. «պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»:

 

Ինչպես նշվեց, Հայաստանի 5-րդ միջնորդության քննության ժամանակ Ադրբեջանը միակողմանի հանձնառություններ էր ստանձնել, ի թիվս այլնի՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հասանելությունը ապահովելու և ՄԱԿ-ի կողմից ստուգումներ անցկացնելու, մշակութային հուշարձանները պահպանելու և չվնասելու կամ չոչնչացնելու վերաբերյալ, որոնք Դատարանը վերահաստատեց և նշեց, որ դրանք ունեն իրավաբանական պարտադիր ուժ։

 

Դատարանը միաժամանակ պարտավորեցրեց Ադրբեջանին «հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ ութ շաբաթվա ընթացքում»։ Հայաստանն այնուհետ հնարավորություն կունենա նաև ներկայացնել իր մեկնաբանությունները Ադրբեջանի հաշվետվության վերաբերյալ։

 

Դատարանն այս որոշմամբ միևնույն ժամանակ վերահաստատեց իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումներով կիրառված ժամանակավոր միջոցները: 

 

Դատարանի որոշումը նշանակալից է, քանի որ Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակներում այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել որևէ այլ պետության նկատմամբ, ինչը վկայում է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու մասին։

 

Դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդ որոշումները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ համաձայն միջազգային իրավունքի, որոնք Ադրբեջանը պարտավոր է անհապաղ և պատշաճորեն կատարել:

 

Այս որոշումների կատարման նկատմամբ Հայաստանը կշարունակի իր մշտադիտարկումը՝ ցանկացած խախտման մասին համապատասխան ծանուցում ուղարկելով Դատարանին:

Վերլուծական