Այսօր Սյունիքի մարզի Սիսիան համայնքում և Շիրակի մարզի Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ են։
Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, ՔՊ-ն և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ սա Սիսիանում պարտադրված ընտրություն է, քանի որ անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքերով ոչ մի ուժ այդպես էլ չկարողացավ հավաքել 51 տոկոս ձայն, որ իշխանություն ձևավորի, իսկ ավագանու մանդատ ստացած ուժերն էլ այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ և կոալիցիայի արդյունքում ընտրել քաղաքապետ: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցում էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը որի ավագանու անդամները հոկտեմբերի 12-ին վայր դրեցին իրենց մանդատները` դժգոհություն հայտնելով իշխանությունների կատարած քայլերից: Ու քանի որ այդպես էլ ընտրված քաղաքապետ չեղավ, Սիսիանում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի մտերիմն է համարվում։
Այս ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի և ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Ջիվան Մարգարյանի միջև:
Անիում առաջադրված քաղաքական ուժերն են` «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս: