Արդեն 2 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի ճանապարհներին. ուժեղ ձյուն է տեղում, ինչի պատճառով էլ բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, կա՛մ չեն կարողանում շարժվել, կա՛մ ստեղծում են վթարային իրավիճակներ։ Գրում է Shamshyan.com-ը։
Միայն ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի գումարտակների պարեկները, ովքեր արդեն մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ են հրելով դուրս բերել անվտանգ վայր։
Բարձիթողի վիճակում է գտնվում նաև Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրից դեպի Տավուշի մարզ՝ Դիլիջանի թունելի սկզբնամասի ավտոճանապարհը։
Գեղարքունիքի պարեկները մոտ 25-ից ավելի ավտոմեքենաներ, որոնցից 20-ի անվադողերն ամառային էին և ձնասահքի պատճառով հայտնվել էին վտանգավոր իրավիճակներում, հրելով դուրս են բերել անվտանգ վայր։
Նույն բարձիթողի վիճակն է նաև Տավուշի մարզի Դիլիջան, Դիլիջան-Վանաձոր ճանապարհներին, որտեղ միայն աշխատանքներ են կատարում տեղի պարեկները։