«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` թեպետ պատգամավորների կոնսենսուս կա, որ Արցախի վտարանդի Ազգային ժողովը պետք է գործի եւ նիստեր գումարի, սակայն առայսօր ԱԺ նիստ անցկացնելու ընթացակարգի հետ կապված խնդիրները չեն կարողանում լուծել` Սահմանադրությամբ վերապահված շրջանակում:
Ըստ էության, նիստն անցկացնելը նաեւ ձգձգվում է` ոչ միայն տեխնիկական ու իրավական խնդիրներով պայմանավորված, այլ հայաստանյան իշխանության այս հարցում առկա դժկամությամբ պայմանավորված:
Օրենսդիրները չեն ցանկանում գրգռել առանց այն էլ ոչ միանշանակ հարաբերությունները հայաստանյան իշխանության հետ: Արդյունքում արդեն երրորդ ամիսն է, ինչ Արցախի խորհրդարանը նիստ չի գումարել: Մինչդեռ կա նաեւ խնդիր երկու թափուր աթոռի համալրման: Ազատ է մնացել ոչ միայն «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի վայր դրած մանդատը` պետնախարար նշանակվելուց հետո, այլեւ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Բաղդասարյանն է բոլորովին վերջերս մանդատը վայր դնելու հրաժարականի դիմում ներկայացրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։