Հետևեք մեզ։

Ամենաբարձր «կաբինետներից է» կայացվում Խաչատուրովին կալանքի տակ պահելու որոշումը․ ինչ նկարագրած է, նույնն է, թե գրես՝ մարդը մի բաժակ սուրճ է խմել․ պաշտպան

13:15, 21 նոյեմբեր 2023
Ամենաբարձր «կաբինետներից է»  կայացվում Խաչատուրովին կալանքի տակ պահելու որոշումը․ ինչ նկարագրած է, նույնն է, թե գրես՝ մարդը մի բաժակ սուրճ է խմել․ պաշտպան

2023 թվականի մարտի 13-ից հետո մինչև օրս Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ ծանրակշիռ նոր փաստ չի ավելացել, և դրա մասին Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 20-ին արձանագրել է, ավելին՝ արձանագրել է նաև դատական սխալ, և դատական ակտն այս մասով բեկանել է։ Դատարանի կայացրած որոշումից 2 ամիս անց էլ Խաչատուրովը կալանքի տակ է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։

Ըստ պաշտպանի՝ ապօրինություններն այնան ակնհայտ են, որ նույնիսկ դատարաններն են արձանագրում, որովհետև Եվրոպական դատարանը դրանք արձանագրելու է։

 «Պա՞րզ է , չէ, որ այս հրահանգը ԱԱԾ-ի կամ քննչականի մի կաբինետում նստած չի լինում, այլ ամենաբարձր  կաբինետներից է կայացվում այդ որոշումը․ այս գործը լակմուսի թուղթ է, ամեն դատավոր, ով առնչվում է այս գործի հետ, հասկանում է գործի մեծ պրոբլեմը։ Հասկանում է, որ այս ամենը չի կարելի իրականացնել, սկսած պատասխանատվությունից, վերջացրած արժանապատվության հարցից։ Այս ամենը, ինչ նկարագրած է, նույնն է, թե գրես՝ մարդը մի բաժակ սուրճ է խմել։ Արձանագրում են, որ եթե անգամ հաստատվի, որ ինչ գրած է, անձը չի կարող կալանքի տակ մնալ, բայց կրկին կալանքից չեն թողնում։ Այստեղ պետք է հայտնվի այն դատավորը, որը կասեի՝ ժողովուրդ, հերիք է»,-ասաց Պողոսյանը։

Նա նաև հայտնեց, որ ինքն անձամբ մի անգամ Հայաստանի ՄԻՊ-ին դիմել է, որ կալանքի ժամկետն ավարտվել է, բայց Խաչատուրովը շարունակել է կալանքի տակ մնալ, սակայն իր դիմումը որևէ ընթացք չի ունեցել, քանի որ, ըստ պաշտպանի, այն, ինչ կատարվում է, հակասում է պետության հռչակած սկզբունքներին։  

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։

 

Վերլուծական