Կրեմլը հրաժարվել է պատասխանել հարցին՝ ԼԳԲՏ անձինք հասարակության մաս են, թե ծայրահեղականներ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Ռուսաստանում ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու թեման։
«Ես ինձ իրավունք չեմ համարում որևէ կերպ մեկնաբանել դա՝ հաշվի առնելով արդարադատության նախարարության դիմումը։ Ուստի, այստեղ ես չէի ցանկանա որևէ բան ասել այս թեմայով»,-այսպես է նա պատասխանել BBC-ի հարցին, թե արդյոք ԼԳԲՏ համայնքը ծայրահեղակա՞ն է՝ ինչպես կարծում է արդարադատության նախարարությունը, թե՞ հասարակության մաս, ինչպես անցյալ շաբաթ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ուրբաթ օրը Արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Ռուսաստանի Գերագույն դատարան՝ «ԼԳԲՏ միջազգային սոցիալական շարժումը» որպես ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և այն արգելելու համար։ Արդարադատության նախարարության հայտարարությունից հետեւում է, որ խոսքը ԼԳԲՏ համայնքի մասին է ամբողջությամբ։
Նույն օրը Պուտինը, պատասխանելով մշակութային գործիչների՝ ԼԳԲՏ խնդիրների մասին հարցին, ասաց. «Անսպասելի բան կասեմ. նրանք էլ իրավունք ունեն հաղթելու մրցույթներում, ցույց տալու, պատմելու, քանի որ նրանք նույնպես հասարակության մասն են կազմում։ Վատ է, եթե նրանք միայն հաղթեն բոլոր տեսակի մրցույթներում»: