«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Տոյվո Կլաարին հարց է ուղղել այն մասին, թե համաձայն չէ այն մտքի հետ, որ ժամանակին Եվրամիությունը անտարբեր է եղել Հայաստանի հայտարարությունների նկատմամբ, օրինակ, երբ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Եվրամիությունը բուռն չարձագանքեց։
«Նախ ասեմ, որ նախկինում Եվրամիությունը առաջատար դեմք չէր այս գործընթացում։ Նախկինում կարող էին լինել պահեր, երբ Եվրամիությունը կամ նրա անդամ երկրները կարող էին ավելի կոշտ հայտարարություններ անել։ Բայց սա ոչ մի կերպ չի փոխում ներկան։ Այն, ինչ մեզ հիմա անհրաժեշտ է, դա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն է։ Նույնիսկ եթե նախկինում համարվում էր, որ տարբեր միջազգային կառույցներ այլ կերպ են վարվում, ապա այսօր կարևոր է սա: Այսօր մենք հնարավորություն ունենք կարգավորելու գործընթացը, և պետք է հետևել դրան։ Պետք չէ ժամանակ վատնել ավելորդ շահարկումների վրա, դա անելը ոչ մեկին ձեռնտու չէ»,- պատասխանել է Կլաարը։